
Հայաստանի մարզերում տասը զբոսաշրջային կլաստերներ կկառուցվեն
Էկոնոմիկայի նախարարությունը Համաշխարհային բանկի հետ հնգամյա վարկային պայմանավորվածություն է ձեռք բերել։ Դրա շրջանակներում նախատեսվում է 100 միլիոն դոլար վարկային միջոցներ վերցնել և Հայաստանի մարզերում տասը զբոսաշրջային կլաստեր կառուցել։ Դրանք տեղակայվելու են տարբեր բնակավայրերում։ Զբոսաշրջային համակարգեր կստեղծվեն Գորիսում, Եղեգիսում, Արենիում, Ջերմուկում, Սևանում և այլուր։ Այս մասին 2025 թվականի Պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Բերեմ Մարմաշեն վանական համալիրի օրինակը։ Վանական համալիր տանող ճանապարհը ամբողջությամբ ասֆալտապատել ենք, շրջակայքում ավելի քան 1 կմ ճեմուղի ենք ստեղծել։ Ստեղծել ենք առանձնացված վայրեր, որտեղ մարդիկ կարող են քաղաքակիրթ պայմաններում բիզնեսով զբաղվել, վաճառք իրականացնել, — նշել է Պապոյանը։
Ծրագրի հիմնական նպատակն է պատմամշակութային ժառանգությունը համադրել բնության ժառանգության հետ։ Պապոյանի խոսքով՝ կառավարության հետագա ռազմավարությունը ուղղված է հենց այս նպատակին։