ՀայաստանՏնտեսություն

Նախատեսվում է շատացնել տոհմային անասնագլխաքանակի մասնաբաժինը․

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը խոսել է անասունների արհեստական սերմնավորման ծրագրի մասին։

Անասնագլխաքանակի մեջ տոհմային անասունների մասնաբաժինը շատացնելու նպատակով կիրականացվի տեղական և տոհմային սորտերով սերմնավորում։ Սերմնավորումն արժի 15 հազար դրամ։ Պետությունը կվճարի 10․000 դրամը, իսկ գյուղացին՝ 5․000 դրամը:

Նախարարը նշեց, որ 2025-ին այծերի և ոչխարների ծրագիր է իրականացվելու: Պետությունը կհոգա ծախսերի 50 տոկոսը։

Ժամանակի ընթացքում հայկական արագած և մարտունի ոչխարների ցեղատեսակները տարբեր խաչասերումների պատճառով կորցրել են գենետիկական հատկանիշները։ Ծրագիրը խթանելու է այծաբուծությունն ու ոչխարաբուծությունը, բերալավելու է կենդանիների գենոֆոնդը՝ բարձրացնելով մթերատվության  որակը։ Հայկական ցեղատեսակի ոչխարները ճարպոտ են և պտղատվությունը ցածր է․ 100-ից ծնվում է 110-120 գլուխ գառ։ Գենետիկական հատկանիշները բարելավելու համար իրականացվում է արհեստական սերմնավորում։

Արհեստական սերմնավորումը նպաստում է մսի որակի բարձրացմանը և գլխաքանակի ավելացմանը։ «Բլանշ» տեսակի ոչխարները անյուղ են, արագ են աճում, միսը համարվում է դիետիկ։։ Ֆրանսիական ցեղատեսակի պտղատվությունը ավելի բարձր է․ 100-ից ծնվում է 160-180 գլուխ գառ։

Ոչխարաբուծությունը խթանելու նպատակով 2023 թվականին Հայաստան են ներկրվել Ֆրանսիական «բլանշ»  և «նուաղ դը վալետ»  տոհմային  սպիտակ ու սև ցեղատեսակի մսատու ոչխարներ։

Շուշան Ասրյան