
«Գոյ» թատրոնը պահանջում է ստեղծագործել մինչև հարցի վերջնական լուծումը
«Գոյ» թատրոնը նստացույց է սկսել։ Թատրոնը ԿԳՄՍ նախարարությունից պահանջում է միջանկյալ հրատապ լուծում, այսինքն՝ աշխատանքները վերսկսվեն մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը։
Պահանջում ենք միջանկյալ հրատապ լուծում տան, որ մենք «փողոցներում», չսպասենք, թե ինչ են որոշելու։ Այսինքն՝ այդ ամեն ինչը կարելի է օգտագործել՝ հօգուտ արվեստագետի։ Թող բացեն դռները, արվեստագետը ստեղծագործի մինչև իրավապահ մարմինները, դատարանը հարցին որոշում կտան։
Դեռ ապրիլին թատրոնը նստացույց էր սկսել։ Այն ժամանակ պահանջն այն էր, որ չխլեն ստեղծագործելու իրավունքը։
Ապրիլին ԿԳՄՍ նախարարությունից մարդիկ ասացին՝ դադարեցրեք, եկեք զրուցենք, հասկանանք՝ ոնց կարող ենք գտնել ինչ-որ եզրեր։ 6 ամիս շարունակ խոսեցինք ու արդյունքում ունեցանք 0 արդյունք։
«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը նշեց, որ ներկա պահին ԿԳՄՍ նախարարությունը, օրենքը շրջանցելով, դուռը փակել է, ու իրենց թողել են «դրսում»։
Հիմա ոչ մի կերպ չենք կարողանում օգտվել մեր իրավունքներից։ Դիմում ենք տարբեր ատյաններ՝ դատախազություն, ոստիկանություն, դատարաններ։ Մենք, կարծես, այս պետությունից չսիրված մարդիկ լինենք։ Ամեն ինչ անում են, որպեսզի մենք չկարողանանք ստեղծագործել։
Թատրոնից նշում են նաև, որ նստացույցի պահանջից հետո ԿԳՄՍ նախարարությունից արձագանք դեռ չի եղել։
Հոկտեմբերի 28-30-ը «Գոյ» թատրոնի դերասաններն ու ստեղծագործական անձնակազմը գիշերել էին թատրոնում։ Պատճառը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միանալու կառավարության որոշումն էր։
Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 2-ին փաստել էր, որ 9 ամիս շարունակ ապօրինաբար դադարեցվել է «Գոյ» թատրոնի գործունեությունը։