ՀայաստանՏնտեսություն

Տաթև համայնքում կստեղծվի գյուղատնտեսական, հուշանվերների և արհեստագործական ապրանքների շուկա

Նախատեսվում է Տաթև համայնքում կառուցել գյուղատնտեսական ապրանքների, հուշանվերների և արհեստագործական իրերի շուկա, որը կդառնա մանրածախ առևտրի և ժամանցի կենտրոն։ Կառուցվելու է շուրջ 20-25 նոր տաղավար տեղական արտադրողների և առևտրականների համար։ Այն ուղղված է համայնքի տնտեսական հնարավորությունների բարելավմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Շուկան կկառուցվի «Տաթևեր» ճոպանուղուց մինչև Տաթևի վանք ընկած ճանապարհին։

Սկզբնական շրջանում Տաթևի համայնքի անդամներին և Արցախից բռնի տեղահանված մարդկանց մանրածախ վաճառքի կետերի տրամադրումն անվճար է լինելու։ Շուկայի հետագա գործունեությունը հիմնվելու է սոցիալական ձեռներեցության սկզբունքների հիման վրա և ստացված շահույթը ուղղվելու է համայնքի զարգացմանը։

Ծրագիրը իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը։ Վերջինս Տաթև համայնքում իրականացրել է նաև բարեգործական այգու կառուցում, որից ստացված շահույթը նույնպես ուղղվել է համայնքի զարգացմանը

Ծրագրի իրականացման համար դրամահավաք է իրականացվում։ Հավաքվել է արդեն գումարի կեսից ավելին։ Գրիգորի Մարտիրոսյանը նշեց, շուկայի կառուցումը նախագծման փուլում է։ Դրանից հետո արդեն համապատասխան իրավական գործընթացներից հետո կսկսվեն շինարարական աշխատանքները։

Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականությամբ։