
Հայաստանում առաջին անգամ կստեղծվի բազմաբաղադրիչ կիսահաղորդչային միկրոսխեմաների գործարան․ ի՞նչ է սա
Հայաստանում առաջին անգամ կստեղծվի բազմաբաղադրիչ կիսահաղորդչային և սիլիցիումային ֆոտոնիկ միկրոսխեմաների գործարան։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, «Լևայ Սեմիքոնդաքթորս» ընկերությունը և «Էնթերփրայզ Արմենիան» ստորագրել են համագործակցության հուշագիր։
«Լևայ Սեմիքոնդաքթորս» ընկերությունը 34 միլիոն դոլար է ներդնելու այս նախագծի համար։ Կստեղծվի 86 աշխատատեղ։ Ընկերությունը տարեկան կարտադրի 12 հազար միկրոսխեմաների հիմք։
«Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը նշում է, որ իրենց թիմի ջանքերը նախանշում են Հայաստանում տեխնոլոգիական նոր զարգացման մեկնարկը։
Այս համագործակցությունն ընդգծում է ներդրումների խթանման մեր ռազմավարությունների արդյունավետությունն ու մեր նվիրվածությունը՝ Հայաստանը դիրքավորելու որպես մրցունակ խաղացող համաշխարհային կիսահաղորդչային արդյունաբերությունում։
Բազմաբաղադրիչ կիսահաղորդչային և սիլիցիումային ֆոտոնիկ միկրոսխեմաները անհրաժեշտ են բարձր արագությամբ տվյալների փոխանցման նաև էներգիայի խնայողության համար։ Կարող են օգտագործվել հեռահաղորդակցության ոլորտում, դիտարկման և տեսողական սարքերում, լազերային վիրահատությունների, ջերմաստիճանի, ճնշման կամ լույսի չափման համար։