ՀայաստանՊատահար

Երևանում ավտոբուսի և «Toyota Alphard»-ի բախման հետևանքով կա վիրավոր

Երևանի Մյասնիկյան պողոտայում, «Ջրաշխարհի» հարևանությամբ, օգոստոսի 30-ի երեկոյան տեղի է ունեցել ավտովթար․ բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող թիվ 41 երթուղին սպասարկող «MAN» ավտոբուսն ու «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարը գրանցվել է մոտ 18։50-ի սահմաններում։ Հենց այս ժամերին էլ մայրաքաղաքում ամենաշատ խցանումներն են լինում։ Ավտովթարի պատճառով տեղանքում խցանումները ավելի ահռելի չափերի են հասել։ Բախման հետևանքով «Toyota Alphard»–ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում, իսկ «MAN» մակնիշի ավտոբուսը եղել է կայանված։ Ավտոբուսում եղել է 25–ից ավելի ուղևոր: Վթարի հետևանքով տուժածին շտապօգության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է հիվանդանոց։

Ավտոմեքենաներից դիզվառելիքի արտահոսք է արձանագրվել, ինչի հետևանքով հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են մեքենաները և լվացան ճանապարհը։

Վթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Վարորդների և տուժածի ինքնությունը պարզվում է։