Չեսար Օրբելյանի ապարանքը կվերականգնվի

ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրում գտնվող «Բնակելի տուն․ Իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը (Չեսարի դարպաս)» հուշարձանի տարածքին կից հողամասերն ու գույքը ճանաչել հանրության գերակա շահ։

Որոշման նպատակն է հնարավորություն տալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ապահովել հուշարձանի պահպանությունը, վերականգնումը և հետագա օգտագործումը։

Կառավարության հիմնավորման համաձայն՝ նախատեսվում է ամբողջականացնել հուշարձանի տարածքը, իրականացնել ուսումնասիրություններ և հնագիտական պեղումներ, ամրակայել և վերականգնել պահպանված կառույցների մնացորդները, ինչպես նաև կյանքի կոչել ներդրումային ծրագրեր։

Նշվում է, որ նախարարության պատվերով 2024 թվականին արդեն մշակվել է Չեսար Օրբելյանի պալատի և եկեղեցու վերականգնման ու տարածքի բարեկարգման նախագիծ, որով նախատեսվում է հուշարձանի ամբողջական վերականգնում։

Հորս գյուղը միջնադարյան Հայաստանի նշանավոր իշխանական տոհմերից մեկի՝ Օրբելյանների նստավայրն է եղել։ Այստեղ պահպանվել են 13–14-րդ դարերի քաղաքացիական ճարտարապետության կարևոր նմուշներ՝ պալատական համալիրի և եկեղեցու ավերակներ։ Տարածքում առկա են նաև արձանագրություններ, որոնք հիշատակում են իշխանաց իշխան Լիպարիտի որդի Չեսար Օրբելյանին և նրա կնոջը՝ Խորիշահ իշխանուհուն։