Առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան
Կառավարությունն այսօրվա նիստում որոշվել է նվազեցնել նախակրթարան հաճախելու տարիքային շեմը մինչև 4 տարեկան։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ փոփոխությունը հնարավորություն կտա ընդլայնել նախադպրոցական կրթության հասանելիությունը և մեծացնել երեխաների ընդգրկվածությունը համակարգում։
Մասնավորապես, այն բնակավայրերում, որտեղ նախադպրոցական հաստատություններում առկա է հերթագրված երեխաների մեծ թիվ, ընդունելության հնարավորությունը կընդլայնվի՝ սկսած 4 տարեկանից։ Միևնույն ժամանակ, այն համայնքներում, որտեղ գործում է միայն մեկ հաստատություն, կստեղծվի տարատարիք խմբերի ձևավորման հնարավորություն։
Այս մոտեցումը հատկապես արդիական է փոքր բնակավայրերի համար, որտեղ նախադպրոցական տարիքի երեխաների սակավ թվով պայմանավորված՝ առանձին մանկապարտեզների կառուցումը տնտեսապես նպատակահարմար չէ։ Կարգավորման նպատակն է ոչ միայն ավելացնել երեխաների ընդգրկվածությունը, այլև ապահովել 5-6 տարեկան երեխաների պարտադիր նախադպրոցական կրթության լիարժեք իրականացումը։

