Ջրաշենի դպրոցում ծեծի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Լոռու մարզի Ջրաշեն գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Փետրվարի 11-ին՝ ժամը 12-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ջրաշեն գյուղից մարմնական վնասվածքներով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխել 13-ամյա պատանու։ Տղայի մայրը հայտնել է, որ որդուն դպրոցում ծեծի է ենթարկել համադասարանցին։

Պարզվել է, որ դասարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անչափահասին ծեծի են ենթարկել երեք համադասարանցիներ։ Միաժամանակ պարզվել է, որ դպրոցի մանկավարժական կազմը փորձել է թաքցնել տեղի ունեցածի իրական հանգամանքները։

Նշվում է, որ Ներքին գործերի նախարարի անունից դեպքի վերաբերյալ միջնորդագիր կներկայացվի ԿԳՄՍ նախարարին։

Համադասարանցուն ծեծի ենթարկած անչափահասները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, ինչպես նաև երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով։

Մարինա Գրիգորյան