Հայազգի Քրիս Բաղսարյանի սպանության գործով երկու տղամարդ է ձերբակալվել

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի ոստիկանությունը երկու տղամարդու է ձերբակալել՝ 85-ամյա Քրիս Բաղսարյանի առևանգման և սպանության մեղադրանքով։

Բաղսարյանին փետրվարի 13-ի վաղ առավոտյան առևանգել էին իր տան մոտից, ինչը, ըստ ոստիկանության, կատարվել է սխալմամբ։

Տեսախցիկների կադրերը ցույց են տվել, թե ինչպես է երեք տղամարդ նրան տանում դեպի SUV մակնիշի մեքենան՝ ժամը 5:00-ի սահմաններում։

Հետագայում Բաղսարյանի նկատմամբ բռնություն պարունակող կադրերը ուղարկվել են փրկագնի պահանջով, իսկ ոստիկանությունը որոնումների 11-րդ օրը հայտնաբերել է քաղաքացու մարմնի մնացորդները։

Խուզարկությունների ընթացքում առգրավվել են մեքենաներ, էլեկտրոնիկա և հագուստ։

Ձերբակալվել է 29 և 24-ամյա երկու տղամարդ։ Երկուսն էլ մեղադրվել են սպանության մեջ։ Բաղսարյանի մահվան պատճառը դեռևս պարզ չէ։

Մարինա Գրիգորյան