ԱրցախՔաղաքականություն

Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր են ներկայացրել Բաքվի դատարան

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները դատական հայցեր են ներկայացրել Բաքվի դատարան։ Նրանք պնդել են, որ Ռուբեն Վարդանյանը բանտում ենթարկվել է խոշտանգումների և զրկվել արագ դատաքննության իրավունքից։

2024 թվականի ապրիլին նախկին պետնախարարը հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի իր և մյուս քաղաքական բանտարկյալների դեմ հետապնդումների։ Մենախցում լույսը վառված է եղել շուրջօրյա, ինչն էլ հանգեցրել է անքնության և հյուծման։ Բացի դրանից՝ նրան ստիպել են երկար ժամանակ ոտքի վրա կանգնած մնալ և ավելի քան երկու օր զրկել են խմելու ջրից։ Ավելին, նրան թույլ չեն տվել լողանալ և փոխել հագուստը, զրկել են արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունից։ Այս ամենը հիմք ընդունելով՝ հունիսին Վարդանյանի ընտանիքը բողոք է ներկայացվել ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին։

Հաջորդ հայցով Վարդանյանի փաստաբանները նշել են, որ խախտվել է իրենց պաշտպանյալի՝ արագ դատաքննության իրավունքը։ Այն մի քանի անգամ հետաձգվել է և, նախնական տվյալներով, պետք է լինի հոկտեմբերին։

Առանձին հայցով ադրբեջանական «Բաքվի աշխատավոր» ռուսալեզու թերթը մեղադրվում է Վարդանյանին զրպարտելու մեջ։ Թերթը ծավալուն հոդված է գրել Ռուբեն Վարդանյանի՝ Նոբելյան մրցանակ ստանալու մասին, որտեղ ծաղրական ու զրպարտիչ տողերով են ներկայացնում պետնախարարին։

Ադրբեջանական կողմը Ռուբեն Վարդանյանին ապօրինի ձերբակալել է 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Լաչինի միջանցքից: Բաքվի դատարանի որոշմամբ նա կալանավորվել է և մինչև օրս գտնվում է անազատության մեջ: