Ռուբեն Վարդանյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման

Բաքվի դատարանը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Վարդանյանի գործը քննվել է առանձնացված վարույթով։

Ըստ հրապարակումների՝ դատարանը նրան մեղավոր է ճանաչել «խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների», «ռազմական հանցագործությունների», ինչպես նաև «ահաբեկչության», «ահաբեկչության ֆինանսավորման», մարդկանց տեղահանման և Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի շարք այլ ծանր հոդվածներով նախատեսված արարքների մեջ։ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին դատախազը Վարդանյանի նկատմամբ պահանջել էր ցմահ ազատազրկում։

Դատավարության ընթացքում Վարդանյանը հայտարարել էր, որ տեղի ունեցողը չի համարում արդար դատաքննություն և այն բնութագրել էր որպես «ֆարս»՝ արգելելով իր փաստաբանին ներկայացնել պաշտպանական փաստարկներ։ Նշվում է նաև, որ շուրջ մեկ տարի տևած դատավարությանը չեն մասնակցել անկախ փաստաբաններ, իրավապաշտպաններ և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատավարությունն ավարտվել էր ավելի վաղ։ Դատարանի վճռով ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյան, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։
20 տարվա ազատազրկման են դատապարտվել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը։ Մյուս մեղադրյալների նկատմամբ նշանակվել են 15-ից 19 տարվա ազատազրկման պատիժներ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս հայտարարել էր, որ այդ անձանց հնարավոր ազատ արձակումը բացառվում է՝ նրանց վերագրվող արարքները համեմատելով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նյուրնբերգյան դատավարությամբ դատապարտված նացիստ առաջնորդների հանցագործությունների հետ։