Ցեղասպանագետները բաց նամակով մտահոգություն են հայտնել Էդիտա Գզոյանի հեռացման կապակցությամբ

Հայ և օտարազգի ցեղասպանագետները բաց նամակ են հրապարակել՝ մտահոգություն հայտնելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արդեն նախկին տնօրեն Էդիտա Գզոյանի աշխատանքից հեռացման առնչությամբ։ Նամակի հեղինակները նշում են, որ նրա հրաժարականը տեղի է ունեցել ճնշման և հարկադրանքի պայմաններում, այլ ոչ թե ազատ կամքով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գզոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դա տեղի է ունեցել իր ցուցումով՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ընթացքում Գզոյանը նրան նվիրել էր Արցախի հիմնահարցին վերաբերող գիրք։ Վարչապետը այդ քայլը բնութագրել էր որպես սադրիչ գործողություն։

Բաց նամակում ցեղասպանագետները բարձր են գնահատել Գզոյանի գործունեությունը՝ նշելով, որ նրա ղեկավարությամբ ինստիտուտը ամրապնդել է միջազգային ակադեմիական հեղինակությունը, ընդլայնել արխիվային հավաքածուները, կազմակերպել գիտաժողովներ և իրականացրել գիտական ծրագրեր, որոնք նպաստել են ցեղասպանագիտության զարգացմանը։

Նամակի հեղինակները նշել են նաև, որ Գզոյանը ԱՄՆ փոխնախագահին ներկայացրել է ոչ միայն 1915 թվականի Հայոց ցեղասպանության պատմությունը, այլև հետագա տարիներին Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում տեղի ունեցած հայերի ջարդերը՝ ընդգծելով տարածաշրջանում հայերի դեմ բռնությունների շարունակական բնույթը։

Բաց նամակի հեղինակները զգուշացնում են, որ Գզոյանի հեռացումը կարող է բացասաբար անդրադառնալ ինստիտուտի միջազգային հեղինակության վրա և թուլացնել համագործակցությունը միջազգային գիտական շրջանակների հետ։

Նամակը ստորագրել են շուրջ երեք տասնյակ ցեղասպանագետներ, որոնք կոչ են արել ՀՀ կառավարությանը զերծ մնալ ինստիտուտի գործունեությանը միջամտելուց և ապահովել գիտական կառույցների անկախ աշխատանքը։