
Նիկոլ Փաշինյանը այս տարի երկրորդ անգամ պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
Ժամը 14:00-ին Վրաստանի կառավարության աշխատակազմում տեղի կունենա Հայաստանի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը։
Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ քննարկումներ կունենա ինչպես առանձին, այնպես էլ ընդլայնված կազմով:
Հայաստանի ու Վրաստանի վարչապետները հայտարարություններով հանդես կգան լրատվամիջոցների համար։
Փաշինյանն այս տարվա հունվարին էր պաշտոնական այցով Վրաստանում, որտեղ առանձնազրույց ունեցավ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Այդ այցի ժամանակ զրուցակիցները քննարկել են այսօր կայանալիք Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգին, երկկողմ քաղաքական և տնտեսական կապերին առնչվող հարցեր:
Կողմերն ընդգծել են Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության ռազմավարական բնույթը և վստահություն հայտնել, որ այսօր կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստը նոր ազդակ կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը բոլոր ոլորտներում:
Այս համատեքստում անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանը, տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: