ՀայաստանՍոցիալական

Բաց աղբավայրերից դեպի ժամանակակից վերամշակման գործարաններ․ Նուբարաշենի ու հետխորհրդային երկրների փորձը

Նուբարաշենի աղբավայրի խնդիրը Հայաստանի բնապահպանական և սոցիալական ամենամեծ մարտահրավերներից մեկն է: 1950-ականներին առանց թույլտվության հիմնադրված այս բաց աղբավայրն այսօր Հայաստանի ամենամեծ բաց աղբավայրն է, որն ընդունում է Երևանի ամբողջ քաղաքային թափոնների մեծ մասը: Այն ունի մոտ 53 հեկտար տարածք, որտեղ թաղված է մոտ 10 միլիոն տոննա թափոն:

Նուբարաշենի աղբավայրում հաճախակի բռնկվող հրդեհները, որոնք հաճախ առաջանում են մարդկային գործունեությունից կամ թափոնների մեջ կուտակված ջերմության պատճառով, արտանետում են վտանգավոր նյութեր՝ դիօքսիններ, ծանր մետաղներ և թունավոր գազեր: Այս նյութերն առաջացնում են շնչառական, սրտանոթային հիվանդություններ և քաղցկեղի ռիսկեր: Հրդեհները կարող են շարունակվել շաբաթներով, տարածելով ծխի ծածկույթը ողջ Երևանում։ Աղբի մեծ կուտակումներն առաջացնում են մեթան գազ և պատճառ դառնում մշտական բռնկումների։

Աղբավայր մտած թափոնները վերամշակման չեն ենթարկվում։ Տարածքը չունի հիմքի մեկուսացում, հոսքաջրերի հավաքման տեխնիկական համակարգ, ինչի պատճառով հոսքաջրերը աղբավայրի տարածքից հոսում են գրունտի ենթաշերտ՝ աղտոտելով ստորգետնյա ջրերը: Պաշտոնական տեղեկության համաձայն, աղբավայրի մի փոքր հատվածում կենսագազ է օգտահանվում՝ արտանետվող մեթանի քանակը մասամբ նվազեցնելու նպատակով։

Մայրաքաղաքից հավաքված ողջ կենցաղային աղբը, սակայն, տեղափոխվում է նաև Աջափնյակի և Մասիսի աղբավայրեր։ Աջափնյակի աղբավայրը Երևանի երկրորդ քաղաքային աղբավայրն է և կրկին միայն աղբի կուտակման գործառույթ է իրականացնում: Ըստ քաղաքապետարանի, Աջափնյակի աղբավայրի շուրջ 2 հա տարածքը նախատեսված է կենցաղային աղբի, իսկ 10 հա-ը՝ շինաղբի կուտակման համար:

Օգոստոսյան հրդեհից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց Նուբարաշենի աղբավայրը պետական-մասնավոր գործընկերության միջոցով Հայաստանի առաջին ժամանակակից թափոնների վերամշակման գործարանով փոխարինելու ծրագրերի մասին: Օգոստոսի 18-ին նա հանձնարարեց քաղաքապետարանի պաշտոնյաներին մինչև տարեվերջ կազմակերպել երկփուլ մրցույթ՝ սպառնալով, որ վերջնաժամկետները բաց թողնելու դեպքում կկայացվեն «համապատասխան կադրային որոշումներ»: 

Նուբարաշենի աղբավայրի խնդիրը համեմատելի է նաև այլ հետխորհրդային երկրներում առկա աղբավայրերի հետ։ Օրինակ՝ Ղազախստանում և Ուկրաինայում, հատկապես 1990-ականներին, քաղաքային թափոնների կառավարման կենտրոնացված համակարգերի բացակայությունը հանգեցրել է նման լայնածավալ բաց աղբավայրերի առաջացմանը։ Կենտրոնացված պլանավորման անկումը և ֆինանսավորման սահմանափակումները 90-ականներին դարձան պատճառ, որ նախկին ԽՍՀՄ-ի հետխորհրդային տարածքները երկար ժամանակ պայքարում էին աղբահանության խնդիրների դեմ։

Հայաստանի հարևան երկրներում նույնպես այս խնդիրը սուր է։ Վրաստանի փորձը ցույց է տալիս, որ անգամ ժամանակակից աղբավայրերը կարող են խնդիրներ առաջացնել բնակիչների համար։ Թբիլիսիի Լիլո թափոնների կենտրոնը, որը բարելավված է եվրոպական ստանդարտներով, շուրջ տասը տարի բնակիչների բողոքի պատճառն է դարձել։ Նրանք նշում են, որ աղբավայրից տհաճ հոտեր են գալիս, աղտոտվում են նաև ջրերը։ Նման խնդիրների պատճառոով տարածքի բնակիչների մոտ շնչառական հիվանդություններ են արձանագրվել։

Ադրբեջանի օրինակն էլ մտահոգիչ է։ Կենցաղային աղբին գումարվում են նաև նավթի արդյունաբերությունից առաջացած թափոնները՝ աղտոտելով ինչպես բնությունը, այնպես էլ գետերը և լճերը։ Խոշոր աղբավայրերից մեկը՝ Սումգայիթի աղբավայրը գտնվում է Բաքվի և Սումգայիթի միջև։ 1950-ականներին ստեղծված աղբավայրի տարածքը աճել է՝ բնակչության աճին զուգահեռ։ Այստեղ թափոնների մշտական կուտակումը առաջացնում է հոտ, թունավոր գազեր, հողերի և ջրերի աղտոտում։ Բնակիչները, այդ թվում՝ երեխաները, ստիպված են անցնել աղբավայրի կողքով դպրոց գնալիս։

Նուբարաշենի աղբավայրի խնդիրները, ինչպես նաև Վրաստանի և Ադրբեջանի փորձերը ցույց են տալիս, որ բաց աղբավայրերի գոյությունը և դրանց անբավարար կառավարումը ունեն խիստ բացասական ազդեցություն ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ մարդկանց առողջության վրա։ Հեռանկարային լուծումները պահանջում են ոչ միայն տեխնիկական բարելավումներ՝ ժամանակակից վերամշակման գործարաններ, տեսակավորման համակարգեր և փակ լանդշաֆտների օգտագործում, այլև հանրային վերահսկողության ամրապնդում, կրթություն և երկարաժամկետ ռազմավարական պլանավորում։