Կեղծ տեղեկատվական արշավ՝ վարչապետի անվան շուրջ

Վերջին օրերին X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից ակտիվորեն տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում Al Jazeera-ին և Euronews-ին։ Տեսանյութերում պնդվում է,թե ԱՄԷ-ում՝ Դուբայում, հրթիռակոծության հետևանքով վնասվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատկանող անշարժ գույքը։

Վարչապետի գրասենյակը հայտարարում է, որ նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Նիկոլ Փաշինյանը ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի։ Տեսանյութերում շրջանառվող թվերը, ներկայացվող «արժեքները», ինչպես նաև վարչապետի խոսնակի անունից վերագրվող մեկնաբանությունները ամբողջությամբ հորինված են։

Ըստ պաշտոնական պարզաբանման՝ գործ ունենք տեղեկատվական մանիպուլյացիայի դասական մեխանիզմի՝ FIMI (Foreign Information Manipulation and Interference) դրսևորման հետ։ Մասնավորապես կիրառվում է կեղծ վերագրում (false attribution)՝ հեղինակավոր միջազգային լրատվամիջոցների անվան օգտագործմամբ նյութին վստահելիության կեղծ տպավորություն հաղորդելու նպատակով։

Միաժամանակ արձանագրվել է նույնաբովանդակ նյութերի համաժամանակյա տարածում տարբեր անանուն հաշիվներից, ինչպես նաև բոտային և կիսաբոտային ցանցերի միջոցով արագացված շրջանառում՝ թեմային արհեստական ակտիվություն հաղորդելու համար։ Նկատվում է նույն տեքստերի, ձևակերպումների և սինխրոն մեկնաբանությունների զանգվածային կրկնություն։

Պաշտոնական աղբյուրները կոչ են անում հանրությանը չտրվել ապատեղեկատվությանը և առաջնորդվել բացառապես հավաստի ու ստուգված տեղեկություններով։

Մարինա Գրիգորյան