
Հղիների՝ պետպատվերով պարտադիր հետազոտությունների ծավալը ընդլայնվել է
Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետպատվերի շրջանակում։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։
2024թ. դեկտեմբերի 1-ից այն կներառի գլյուկոզի տոլերանտության պերօրալ թեստ, թիրեոտրոպ հորմոնի որոշում, Բ խմբի ստրեպտոկոկի որոշում:
Ի՞նչ հետազոտություններ են սրանք։ Օրինակ՝ գլյուկոզի նկատմամբ տոլերանտության թեստը ածխաջրային փոխանակության «թաքնված» խանգարումների հայտնաբերման թեստ է։ Թիրեոտրոպ հորմոնը խթանում է վահանաձև գեղձի հորմոնների արտադրությունը և սեկրեցիան: Այդ հորմոնի մակարդակը հղիության ժամանակ կարող է թեթևակի բարձրանալ: Բ խմբի ստրեպտոկոկը բակտերիա է, որը առաջացնում է, օրինակ՝ անգինա, քութեշ, երիկամների, հոդերի բորբոքում։
Նախկինում այս հետազոտությունները իրականացվում էին միայն ցուցումների դեպքում:
Ըստ նախարարության՝ թիրախային խմբերի վաղ հայտնաբերումը կնպաստի հղիության բարեհաջող ելքի, անվտանգ ծննդաբերության և առողջ երեխաների ծնունդին:
Շուշան Ասրյան