ՀայաստանՍոցիալական

Երևանում օդի աղտոտվածությունը նվազել է

Երևանում օդի փոշու մասնիկներով աղտոտվածության հարթակը այսօր արդեն թարմացրել է տվյալները, ըստ որի՝ աղտոտվածության մակարդակը նվազել է։ Դեկտեմբերի 13-ի երեկոյան Երևանի մի շարք վարչական շրջաններում ձյուն է տեղացել, ինչն էլ, ըստ քաղաքապետարանի, մաքրել է մայրաքաղաքի օդը։ Ինչպես նշել է քաղաքապետարանը իր ֆեյսբուքյան էջում՝ «ձյունը մաքրեց Երևանի օդի աղտոտվածությունը»։

Այնուամենայնիվ հրապարակված քարտեզում կարելի է տեսնել, որ Ծիծեռնակաբերդի խճուղու մի հատվածում նույնիսկ օդի աղտոտվածությունը հասել է վտանգի նախավերջին աստիճանին։ Մյուս մասերում արդեն սահմանվել է ցածր և չափավոր աստիճաններ։

Երևանի օդի աղտոտվածության հիմնական պատճառներն են տրանսպորտային արտանետումները, շինարարական փոշին, ինչպես նաև կենցաղային և արդյունաբերական գործոնները։ Նախօրեին քաղաքապետարանից հայտնել էին, որ աղտոտման հիմնական պատճառը ջեռուցման նպատակով վառելիքի տարբեր տեսակների այրումն է, որը բերում է օրգանական փոշու, ծխի ավելացում։