
Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել
Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի նկատմամբ Գլխավոր դատախազությունը քրեական վարույթ է հարուցել ավելի վաղ իր մասնակցությամբ մամուլում տեղ գտած ձայնագրության վերաբերյալ։
Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 236 հոդվածի հատկանիշներով, որը վերաբերում է հավաքին մասնակցելուն հարկադրելուն և հավաքին մասնակցելու կամ չմասնակցելու նպատակով նյութական շահագրգռմանը։ Հետաքննությունն իրականացվում է Քննչական կոմիտեի կողմից։
Հիշեցնենք, որ ձայնագրության մեջ Վարդան Ղուկասյանը խոսում է շուկայի աշխատակիցների հետ հանդիպում կազմակերպելու մասին՝ հիշեցնելով, որ ինքն է նրանց տաղավարներ տրամադրել, որոնց շնորհիվ նրանք մինչ օրս ապրուստ են վաստակում։ Ձայնագրությունում հայհոյախառն արտահայտություններ կան։ Նա նաև սպառնում է և պահանջում է կանչել մի շարք մսրդկանց՝ նշելով, որ վերջիններս խնդիրներ են ունենալու։
Վարդան Ղուկասյանը չի հերքում դա, սակայն նաև ակնարկում է, որ ձայնագրությունը կարող է արհեստական բանականությամբ պատրաստված լինել։ Նա հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել իրավապահ մարմինների հետ՝ պարզելու ճշմարտությունը։ Նա նաև ընդգծել է, որ վստահ է իր անմեղության մեջ և շարունակելու է նախընտրական արշավը։
Հիշեցնենք, որ նախկին ավագանու թեկնածու Սամվել Բալասանյանի նկատմամբ ևս հայտարարվել էր հետախուզություն: Նրան մեղադրում էին Գյումրու «Սև Բերդ» ամրոցի շրջակա տարածքի հողերը մասնավորեցնելու մեջ։
Հենց այս քրեական գործը օրակարգ բերելուց հետո Գյումրիի իշխող «Բալասնայան» դաշինքը ողջ կազմով հրաժարական տվեց՝ այդպես էլ չհստակեցնելով պատճառը: