
Սահմանից այս կողմ Արցախն ապրում է․ Ննգի
2023 թվականի պատերազմի ժամանակ մեր գյուղը համարվում էր ամենաապահովը։ Մյուս գյուղերից գալիս էին մեր մոտ։ Մի մասը դպրոցում էր մնում, մի մասը՝ տներում, մյուս մասն էլ՝ նկուղներում։ Հիշում եմ՝ թուրքերը ռուսների հետ եկան գյուղ՝ զինաթափելու։ Գյուղապետը գնաց Մարտունի, եկավ ու ասեց, որ տեղահանվում ենք։ Մի պայուսակից ավել բան չպիտի վերցնեինք, ավտոներ էլ չկային, որ դուրս գայինք գյուղից։
Արցախի Մարտունու շրջանի Ննգի գյուղը տեղահանվեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ին։ Այդ օրը 18-ամյա Իննա Ավագյանի համար ամենածանրն էր։ Տեղահանման օրերը տխրությամբ է հիշում․
Մենք երկու ավտո ունեինք։ Երկուսն էլ Ստեփանակերտում էին։ Ախպերս գնաց, մեկը բերեց։ Մյուսը չկարողացանք հանել։ Ես, տատս, պապս, հորքուրս ու ախպերս մեր ավտոյով եկանք։ Մամաս, քույրս ու քրոջս երեխեքը փեսայի հետ եկան։
Մասիս քաղաք տեղահանվելուց հետո ընտանիքը երկու մասի է բաժանվել ու ապրում․ տունը փոքր է։ Իննան մայրական կողմի հետ քաղաքում է ապրում։ Հայրը, հորաքույրը, տատիկն ու պապիկն էլ Մասիսի Ռանչպար գյուղում են ապրում։ Հիշում է իր հայրենի գյուղի առօրյան․
Տղամարդիկ անասնապահությամբ էին զբաղվում։ Առավոտները հավաքվում էին, հերթ էին պահում։ Ամեն օր մի մարդ անասուններին հավաքում-տանում-պահում ու բերում էին։ Կանայք բանջարանոց էին մշակում, առևտրով էին զբաղվում։ Ինչ պետք էր գալիս, հավաքում էին տանը, վաճառում էին։ Երեխաներն էլ գնում էին դպրոց։ Մանկապարտեզ չունեինք։ Փոքր տարիքում մանկապարտեզ ընդհանրապես չենք գնացել, միանգամից՝ դպրոց։
340 բնակիչ ունեցող Ննգի գյուղի դպրոց հաճախում էին մոտ 35 աշակերտ։ Իննան 11 տարի սովորել է հայրենի դպրոցում։ Սակայն, այդպես էլ չհասցրեց ավարտել այն։ Պատմում է, որ դպրոցը լրիվ վերանորոգված չէր։ Ֆիզկուլտուրայի ժամերին խաղադահլիճ չունեին։ Նկուղ ունեին։ Աշակերտներով կարգի էին բերել նկուղը, որ ձմռանը դասերն անցկացնեին։
Իննայի հիշողության մեջ դեռ շարունակում է մնալ գյուղի վանքը։ Այն 17-րդ դարից հայտնի է եղել։ Ննգեցիները եկեղեցի ունեին։ Կոչում էին Բովուրխան։

Չնայած գյուղը փոքր էր, բայց այն տարբերվում էր մյուսներից շագանակի այգով։ Գյուղում մոտ 30 շագանակի ծառ կար։ Ուրախությամբ հիշում է, որ բրուտանոց կար գյուղում, իր հայրն էլ այնտեղ աշխատում էր։ Կավե ամաններ էր պատրաստում, երբեմն էլ՝ իրենց համար։ Տեղահանումից հետո հայրը, սակայն, այդ աշխատանքով չի զբաղվում։


Տեղահանումից հետո Ննգիի իրենց հարևանը նաև Մասիսում դարձավ հարևան։ Մյուս գյուղացիների հետ կապը դեռ կա, բայց հեռախոսով։ Մի մասը տեղահանվել է մայրաքաղաք, մի մասը Սևանում է ապրում։ Իննայի համար ամենակարևորն այն է, որ տեղահանվածները մնացել են Հայաստանում։ Արտերկիր ոչ մեկը չի գնացել։