ՀայաստանՄշակույթ

Հայաստանի ազգային պատկերասրահը կվերաբացվի

Ապրիլի 15-ին, չորս տարվա վերանորոգումից ու արդիականացումից հետո, պաշտոնապես կվերաբացվի Հայաստանի ազգային պատկերասրահը՝ բոլորովին նոր տեսքով։

Պատկերասրահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ 2021 թվականից մեկնարկած վերանորոգման աշխատանքների արդյունքում ամբողջությամբ փոխվել և արդիականացվել են օդափոխության ու ջերմախոնավային համակարգերը, տեղադրվել են նոր վերելակներ, իսկ ցուցասրահները՝ վերաձևավորվել ժամանակակից լուծումներով։ Վերանորոգման և արդիականացման աշխատանքներ են իրականացվել նաև մի շարք մասնաճյուղերում։

Գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակի և դեկորատիվ-կիրառական արվեստի բաժիններում, այժմ ներկայացված են ոչ միայն մեծանուն վարպետների գլուխգործոցներ, այլև պահոցներից բերված արժեքավոր աշխատանքներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել։ Թանգարանային հավաքածուն ընդգրկում է ավելի քան 41.000 արվեստի ստեղծագործություն և 200.000-ից ավելի բացառիկ արխիվային նյութեր։ Սակայն տարածքային սահմանափակման պատճառով հնարավոր է ցուցադրել միայն վերը նշվածի 5 տոկոսը։

Նոր՝ շարժական-մոբիլ ցուցադրության մոդելի ներդրման շնորհիվ այցելուներն ունեն երբևէ չցուցադրված եզակի արվեստի նմուշներ տեսնել։

Վերաբացված մշտական ցուցադրության տասնյակ սրահներում ներկայացված կլինեն ինչպես հայկական կերպարվեստի նշանավոր ներկայացուցիչներ՝ Հակոբ Հովնաթանյան, Հովհաննես Այվազովսկի, Վարդգես Սուրենյանց, Մարտիրոս Սարյան, Մինաս Ավետիսյան և այլք, այնպես էլ իտալական վերածննդի և բարոկկոյի վարպետներ Տինտորետտո, Դոնատելլո, Գվերչինո, ռուսական ավանգարդի ներկայացուցիչներ Վասիլի Կանդինսկի, Մարկ Շագալ և ուրիշներ։

Այցելուները Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությանը ծանոթանալու հնարավորություն կունենան արդեն ապրիլի 16-ից։

Նշենք, որ Հայաստանի ազգային պատկերասրահը հիմնադրվել է 1921 թվականին։ Պետական թանգարանը գտնվում էր Աստաֆյան (Աբովյան) փողոցում, արական գիմնազիայի համար նախատեսված երկհարկանի տուֆակերտ շենքում։