«Երևանի ավտոբուսի» աշխատակազմը համալրվել է հրահանգիչով և վարորդ-հրահանգիչով
«Երևանի ավտոբուս» ընկերության աշխատակազմը համալրվել է երկու նոր մասնագետով՝ հրահանգիչով և վարորդ-հրահանգիչով։ Նրանց աշխատանքի հիմնական ուղղությունը կլինի ընկերության վարորդական անձնակազմի հետ տեսական և գործնական դասընթացների իրականացումը՝ նպատակ ունենալով բարձրացնել վարորդների մասնագիտական կարողությունները և ապահովել հանրային տրանսպորտի ծառայությունների որակի բարձրացում։
Տեսական դասընթացների ընթացքում վարորդները կծանոթանան ճանապարհային երթևեկության կանոններին, ընկերության ներքին կարգուկանոնին և ուղևորների սպասարկման նորմերին։ Գործնական փուլում կիրականացվի ավտոբուսի վարում իրական պայմաններում, հրահանգչի ուղեկցությամբ։
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ դասընթացները կրելու են շարունակական բնույթ։ Դրանք նախատեսված են ոչ միայն նոր ընդունվող վարորդների, այլև արդեն գործող անձնակազմի համար։ Սա կարևոր նախաձեռնություն է՝ հաշվի առնելով վերջին շրջանում ավտոբուսների մասնակցությամբ ավտովթարների և վրաերթերի թվի ավելացումը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ 23 համարի ավտոբուսը ավտովթարի էր ենթարկվել, որի հետևանքով 9 քաղաքացի էր հոսպիտալացվել։