
Երևանում ջրաչափերը կտեղադրվեն բնակարաններից դուրս․ «Վեոլիա Ջուր»-ը կզիջի դիրքերը Ջրային կոմիտեին
Երևանի մասնավոր հատվածներում ջրաչափերը շուտով դուրս կբերվեն բնակարաններից։ Այս մասին հայտարարել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ ընդգծելով, որ փոփոխությունը միտված է նվազեցնելու ջրի կորուստները և կանխելու ապօրինի միացումները։
Ծրագրով նախատեսվում է 72 կմ երկարությամբ նոր ջրագծերի և ջրաչափական հանգույցների կառուցում՝ 8500 բաժանորդի համար։ Նախագիծը նախկինում պատկանում էր «Վեոլիա Ջուր»-ին, սակայն այժմ պատվիրատուի դերը փոխանցվել է Ջրային կոմիտեին։
Այս ծրագրով, որը նախատեսվում է ավարտել 2025-2026 թվականներին, ըստ էության, կբարելավվեն ջրամատակարարման որակը, տեխնիկական հագեցվածությունը, հուսալիությունը, ապահովությունը, և ջրաչափական հանգույցներն ու հորերը կտեղադրվեն բնակարաններից դուրս, կհատվեն ապօրինի ջրամիացումները: Սա լուրջ ազդեցություն կունենա ջրի ֆիզիկական կորստի ծավալների վերացման համար, — ասել է Արեյանը։
Նրա խոսքով, մասնավոր հատվածում ջրային ցանցը լրջորեն քայքայված է, և ջրի ամենամեծ կորուստներն ու չգրանցված օգտագործումը հենց այստեղ են։ Դրա համար էլ որոշվել է ջրամատակարարման բարեփոխումները սկսել հենց այդ հատվածներից։
Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2026 թվականին։