
Հայաստանը կմասնակցի «Միսս աշխարհ» միջազգային գեղեցկության մրցույթին
Հայաստանը ավելի քան երեք տարվա դադարից հետո վերադառնում է «Միսս աշխարհ» միջազգային գեղեցկության մրցույթ։ Այս տարի կներկայացնի 19-ամյա դերասանուհի Ադրինե Աճեմյանը։
Ինձ համար «Միսս Աշխարհը» միայն գեղեցկության մրցույթ կամ թագ չէ, այն նաև կամուրջ է, որը հնարավորություն է ստեղծում հերթական անգամ կապել Հայաստանի հարուստ մշակույթը աշխարհի բազմազանության գույների հետ, — նշեց Աճեմյանը։
Քանի որ արտոնագիրը ստացվել է վերջերս, Ադրինեն ընտրվել է ոչ թե ազգային գեղեցկության մրցույթով, այլ՝ քասթինգի ճանապարհով։ Նա սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Գեղարվեստական համարի ընթացքում Ադրինեն հանդես կգա հայ դիզայներ Գևորգ Շադոյանի ստեղծած զգեստներով։ Մրցույթի շրջանակներում նա հայկական ավանդական տարազով կներկայացնի ազգային պար՝ «Մուսա լեռան դաբկի»։
Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի մայիսի 7-31-ը Հնդկաստանում՝ Թելանգանա նահանգում։ Մրցույթին կմասնակցեն տարբեր երկրներ ներկայացնող 130 գեղեցկուհիներ։
«Միսս աշխարհ» մրցույթը առաջին անգամ տեղի է ունեցելլ 1951 թվականին և համարվում է աշխարհի ամենահայտնի գեղեցկության մրցույթներից մեկը։