
Ադրբեջանը վնասել է Արցախյան ազատամարտին նվիրված տանկ-հուշարձանը
Ադրբեջանական կողմը վնասել է Մայրաբերդում (Ասկերան) գտնվող հուշահամալիրը և Արցախի ազատամարտին նվիրված տանկ-հուշարձանը։ Սրա մասին հայտնում է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը՝ վկայակոչելով արբանյակային նկարներ։
Ըստ Ավանեսովի՝ 2025 թվականի մարտի 12-ի արբանյակային պատկերներն արձանագրում են երկու հուշակոթողների դեմ վանդալիզմի ակներև հետևանքներ։ Երկու հուշարձաններն էլ ենթարկվել են խիստ վնասման՝ օգտագործվել է ծանր շինտեխնիկա։


Վնասված հուշահամալիրի տարածքում տեղադրված էին հուշարձաններ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմին, Արցախյան ազատամարտին, ինչպես նաև խաչքար՝ Հայոց ցեղասպանության և Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին։ Վնասվել է նաև Մայրաբերդից Տիգրանակերտ ու Ակնա տանող ճանապարհի եզրին գտնվող Արցախյան ազատամարտի խորհրդանիշ դարձած տանկ-հուշարձանը։
Ադրբեջանը մինչ այս ավերել է մի շարք հուշարձաններ ու Արցախի մի շարք գյուղեր՝ Ծամձոր, Արևշատ, Ակնաղբյուր, Եղեգնուտ, Թաղուտ, Սարգսաշեն, Մարիմաձոր։