ՀայաստանՍոցիալական

Քաղաքացիների պահանջով՝ մեղմացվել են տնամերձ հողերում կառուցապատման սահմանափակումները

Տնամերձ հողամասեր ունեցողները շուտով կկարողանան ավելի ազատ տնօրինել իրենց տարածքը։ Քաղաքաշինության կոմիտեն որոշել է փոփոխություն կատարել կառուցապատման նորմերում՝ քաղաքացիների առաջարկները հաշվի առնելով։

Եթե նախկինում սահմանված էր, որ տնամերձ հողամասի առավելագույնը 40%-ը պետք է բաժանված լիներ երկու մասի՝ 20%՝ բնակելի տան, 20%՝ օժանդակ շինությունների համար, ապա այսուհետ այդ սահմանափակումը հանվում է։ Այլ կերպ ասած՝ սեփականատերը կարող է, օրինակ, ողջ 40%-ի վրա կառուցել միայն տուն կամ որոշել դրա մի մասը հատկացնել ավտոտնակի, անասնագոմի կամ այլ օժանդակ կառույցի համար։

Մնում է ուժի մեջ նվազագույն մակերեսի պահանջը՝ հողամասը պետք է լինի առնվազն 400 քմ, որպեսզի հնարավոր լինի կառուցապատում իրականացնել։

Նորմերը վերանայելիս հաշվի է առնվել ժամանակի պահանջներից ելնելով մարդու կենցաղավարման ձևի փոփոխությունը։

Նորմերում ճկուն մոտեցման ամրագրումը կնպաստի տարածքների արդյունավետ օգտագործմանը, քաղաքաշինական ներդրումային ծրագրերի իրականացմանը, անհատական բնակելի ֆոնդի թարմացմանը։ Միաժամանակ կպահպանվեն քաղաքաշինական նորմերով սահմանված անհրաժեշտ հեռավորությունները։