
10 կգ թմրամիջոց մաքսանենգությամբ տեղափոխվել է Հայաստան. երկու անձ կալանավորվել է
Հայաստանում կանխվել է խոշոր չափերի թմրամիջոցի մաքսանենգության և իրացման հերթական փորձը: Քննչական մարմինների տեղեկություններով՝ օտարերկրյա քաղաքացիներից մեկը 10 կիլոգրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է տեղափոխել Հայաստան՝ հետագա իրացման նպատակով։
Մյուս օտարերկրացին, տեղեկանալով թմրամիջոցի գտնվելու վայրի մասին, փորձել է ապօրինի ձեռք բերել այն։ Սակայն համատեղ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում՝ Պետական եկամուտների կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները կանխել են գործարքը, և երկուսը ձերբակալվել են։
Տղամարդկանցից մեկի՝ Է.Ն.-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձի մեղադրանքով, իսկ մյուսը՝ Ն.Ա.-ն, մեղադրվում է ինչպես թմրամիջոցի ապօրինի ձեռքբերման ու իրացման, այնպես էլ մաքսանենգության համար։ Նրանց նկատմամվ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։