ՀայաստանՏնտեսություն

Հայաստանից մատակարարված ծաղիկների խմբաքանակները խախտումներով են, Վրաստանն արգելել է մուտքը

Հայաստանից Ռուսաստան և Վրաստան արտահանվող ծաղիկների շուրջ խոշոր խմբաքանակներ վերջին օրերին դարձել են բուսասանիտարական խախտումների պատճառ։ Երկու հարևան երկրներում էլ արձանագրվել են սանիտարական պահանջների խախտումներ, ինչի հետևանքով մասամբ դադարեցվել կամ վերադարձի են ենթարկվել հայկական ծագմամբ ծաղիկների խմբաքանակները։

Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզոր»-ի տվյալներով՝ միայն այս տարվա հունիսին Հայաստանից Ռուսաստան արտահանված 80 խմբաքանակից 78-ը չեն ներկայացվել կարանտինային բուսասանիտարական հսկողությանը, իսկ ընդհանուր առմամբ՝ տարվա սկզբից հայկական բեռների 43 տոկոսը նշանակման վայրերում չի ներկայացվել կարանտինային բուսասանիտարական հսկողությանը։

Ռուսական կողմը մտահոգված է նաև այն փաստով, որ Հայաստանից կտրտված ծաղիկների ներկրման ծավալները ըաճել են և բույսերում կարանտինային օբյեկտներ են պարբերաբար հայտնաբերվել։

Միաժամանակ, ծաղիկների խմբաքանակ է վերադարձվել Վրաստանից։ Վերահսկող մարմնի կողմից հայտնաբերվել է, որ Հայաստանից ներմուծված 10,000 ծաղիկների խմբաքանակը վարակված է եղել կարանտինային վնասատուներով։ Ծաղիկները փորձել են անցկացնել «Սադախլո» անցակետով, սակայն չեն համապատասխանել Վրաստանի ֆիտոսանիտարական պահանջներին և վերադարձի են ենթարկվել։

Այս իրադարձությունները լուրջ մարտահրավեր են Հայաստանի ծաղկագործական ոլորտի համար։ Թե՛ ռուսական, թե՛ վրացական կողմերը պահանջում են խստացնել վերահսկողությունը և անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ խուսափելու համար իրավիճակի խորացումից։ Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ արդեն մշակվում են վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ, որոնք կիրականացվեն համագործակցությամբ արտահանողների և շահագրգիռ կառույցների հետ։

Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականին կտրտված ծաղիկների արտահանման ծավալներով հայտնվել էր Ռուսաստանի մատակարարող երկրների եռյակում՝ կազմելով շուրջ 32,1 միլիոն դոլարի արտահանում։ Վրաստանի ուղղությամբ միայն 2025 թվականի առաջին 4 ամսում ծաղիկների արտահանումը կազմել է 1,3 միլիոն դոլար։ Բացի այդ՝ Հայաստանը Վրաստանին ծաղիկներ տրամադրող երկրորդ խոշոր արտահանողն է՝ Էկվադորից հետո։