ԳործարարությունՀայաստան

Հայկական բիզնեսը ԱՄՆ շուկա մուտք կգործի ավելի հեշտ․ ԱՄՆ-ում կբացվի ազգային պահեստ

Հայ արտադրողները շուտով հնարավորություն կունենան իրենց ապրանքները պահել և ներկայացնել ԱՄՆ տարածքում՝ Ազգային պահեստի միջոցով։ Պահեստի բացումը նախատեսված է ընթացիկ տարվա ավարտին։

Նախաձեռնությունն իրականացվում է Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի կողմից՝ նպատակ ունենալով հեշտացնել հայկական ապրանքների մուտքը ամերիկյան շուկա։

Խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանի խոսքով, ազգային պահեստը կդառնա մի հարթակ, որտեղ հայ արտադրողներն իրենց արտադրանքն ինչպես կպահեն անհրաժեշտ պայմաններում, այնպես էլ հնարավորություն կունենան առաջարկելու խոշոր մատակարարներին և առևտրային ցանցերին։ Սա զգալիորեն կկրճատի թե՛ ժամանակային, թե՛ ֆինանսական ծախսերը, ինչպես նաև փաստաթղթաշրջանառությունը։

Խորհրդի տնօրեն Տիգրան Ղազարյանը հավելում է, որ այս ձևաչափը միջազգային պրակտիկայում ընդունված ու հաջողված մոդել է։ Պահեստը կունենա նաև ցուցահանդեսային հատված, որտեղ տեղական մատակարարները և վաճառքով զբաղվող ընկերությունները կկարողանան տեղում ծանոթանալ հայկական ապրանքներին։

Նախաձեռնությունը բաց է բոլոր արտադրողների համար։ Չի սահմանվում բացառապես հայկական արտադրանքի առաջնահերթություն։ Կարող են մասնակցել ինչպես նորաստեղծ, այնպես էլ երկարամյա գործունեություն ծավալող ընկերությունները՝ անկախ արտադրանքի ծավալներից։

Հուլիսի 3-ին Երևանում կկայանա համաժողով, որի ընթացքում գործարարներին կներկայացվեն ծրագրի բոլոր հնարավորություններն ու գործնական մանրամասները։ Բոլոր ցանկացողները կարող են մասնակցել համաժողովին՝ նախապես գրանցվելով։

Սեդա Մարտոյան