
Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել կոնյակների արտահանման հետ կապված
Վրաստանի Գեզի մաքսային տերմինալից հունիսի 23-ին բաց են թողնվել հայկական կոնյակով բեռնված 55 բեռնատարներ։ Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ Ֆեյսբուքի իր էջում՝ հավելելով, որ ևս 72 բեռնատար կանցնի առաջիկա յոթ օրերի ընթացքում, իսկ հետագայում կթույլատրվի ևս 24 մեքենայի անցում։
Նախարարի խոսքով՝ Թբիլիսիում կայացած պաշտոնական այցի ընթացքում հայկական պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի և այլ պաշտոնյաների մասնակցությամբ, հանդիպել է Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի, ինչպես նաև ՊԵԿ ղեկավար Իրակլի Բերաիայի հետ։
Բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել փոխըմբռնման՝ ոչ միայն այս խմբաքանակի, այլև հայկական կոնյակի ապագա արտահանման գործընթացի կազմակերպման վերաբերյալ։ Կողմերը պայմանավորվել են ստեղծել փոխադարձ ընդունելի և կանխատեսելի պայմաններ՝ շշալցված կոնյակի արտահանման համար։
Գևորգ Պապոյանը նաև ընդգծել է, որ հայկական կողմը կաջակցի կոնյակով բեռնված մեքենաների անխափան տրանզիտին Վրաստանի տարածքով։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում վրացական կողմը մի շարք խնդիրներ էր ստեղծել կոնյակ արտահանող ընկերությունների համար և արգելափակել բեռնատարներին իր երկրի տարածքում։