
Նիկոլ Փաշինյանը եռակողմ հանդիպումից առաջ հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆին
Այսօր՝ օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆին։ Հայաստանի կառավարության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են Հայաստան–ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների խորացման ուղղությունները և հետագա քայլերը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև Սպիտակ տանը նախատեսված հանդիպումներին։ Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կընդունի Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կազմակերպելով եռակողմ բանակցություններ։
Ըստ մամուլի, հանդիպման օրակարգում խաղաղության պայմանագրի թեման է․ նախապատրաստվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում։ Թեև դրանք պաշտոնապես դեռ չեն հրապարակվել, մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ նախատեսվում է․
— Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների «վերագործարկման» և նոր մակարդակի բարձրացման մասին համատեղ հռչակագիր,
— Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրում,
— ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու վերաբերյալ փաստաթուղթ,
— Երևանի և Վաշինգտոնի միջև առանձին հուշագիր։
Այս հանդիպումները, ըստ մամուլի, դիտարկվում են որպես կարևոր հանգրվան Հայաստանի արտաքին քաղաքականության և տարածաշրջանային հարաբերությունների ձևավորման գործում։