ԱշխարհԺամանց

Սեուլում ձերբակալվել է «Gangnam Style»-ի կատարող PSY-ն

Հարավկորեացի ռեփեր PSY-ն (իսկական անունը՝ Պակ Չե Սան) ձերբակալվել է Սեուլում։ Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ոստիկանությունը նրան կասկածում է առողջապահական օրենքի խախտման մեջ։

Հետաքննության տվյալներով՝ վերջին երեք տարիներին 47-ամյա արտիստը հոգեմետ դեղեր է ստացել երրորդ անձանց միջոցով, այդ թվում՝ իր մենեջերի, սակայն ինքն անձամբ երբեք չի դիմել բժշկի։ Դեղերը օգտագործվել են անքնության և դեպրեսիայի բուժման նպատակով։ Իրավապահները խուզարկել են այն հիվանդանոցը, որը դեղորայք է տրամադրել երգչին, և առգրավել են գրառումները։

Երգչի բժիշկը հերքել է մեղադրանքները։ PSY-ի հիմնադրած P Nation գործակալությունն էլ հաստատել է, որ արտիստը տառապում է անքնությամբ և քնաբեր ընդունում է միայն բժշկի ցուցումով։

PSY-ն համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 2012 թվականին՝ «Gangnam Style» երգի տեսահոլովակով, որը YouTube-ում ունի ավելի քան 5 միլիարդ դիտում և գլխավորել է հիթ-շքերթները տասնյակ երկրներում։