
Հանրային տրանսպորտից չվճարելու համար Երևանում տուգանվել է 354 քաղաքացի
Հուլիսի 14-ից ուժի մեջ մտած նոր կարգով՝ Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելու և չվճարելու համար այս պահի դրությամբ տուգանվել է 354 քաղաքացի։ Տվյալները ներկայացվել են Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանի խոսքով՝ 227 քաղաքացի տուգանվել է առանց տոմս երթևեկելու համար, 48 քաղաքացի՝ այլ անձի արտոնյալ քարտ օգտագործելու համար, 79 քաղաքացի վճարումը կատարել է միայն վերահսկող աշխատակիցների հորդորից հետո։ Նրա տեղեկացմամբ՝ արդեն 5 տուգանք բեկանվել է։
Amnews-ը մշտադիտարկում է անցկացրել Երևանի մի շարք տրանսպորտային միջոցներում և փորձել պարզաբանումներ ստանալ տուգանվող քաղաքացիներից։
Էդիկ Մ․-ի խոսքով, իր կինը հիվանդանոցում պառկած է, նոր է վիրահատվել ու արտոնությամբ գնված քարտը հիմա ինքն է օգտագործում։ Կինը աշխատում է, դրա համար էլ նրա տոմսային քարտն են միշտ լիցքավորել։ Սակայն ինքը քաղաքապետարանի աշխատակիցներից 15․000 դրամով տուգանվել էր։
Մեկ այլ դեպքում՝ օտարերկրյա քաղաքացին չէր կարողացել վճարել՝ իր խոսքով՝ ծրագրային դժվարությունների պատճառով։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց բողոքարկման ընթացակարգով՝ հատկապես այն դեպքերում, երբ քաղաքացին պնդում է, որ «ԱրՔա» համակարգը չի աշխատել։ Բաբայանի խոսքով՝ նման դեպքերում անմիջապես ստուգում են Երևանի տեխնոլոգիաների կառավարման կենտրոնի միջոցով, և եթե վճարումը գրանցված է, տուգանքն անմիջապես բեկանում են։
Հիշեցնենք՝ հուլիսի 14-ից հասարակական տրանսպորտի վճարման կարգը խախտելու դեպքում սահմանվել է 3-ից 15 հազար դրամ տուգանք։