ՀայաստանՍոցիալական

Կենտրոնի հոսանքազրկման պատճառով ՀԷՑ-ի պաշտոնյա ազատվել է աշխատանքից

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ին, Մյասնիկյան 35/6 կՎ ենթակայանը ամբողջությամբ հոսանքազրկվել է անձրևաջրերի ներթափանցման հետևանքով: Սա հանգեցրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի զգալի մասի՝ շուրջ 20,000 բաժանորդների հոսանքազրկման: Անջատումը տևել է 1 ժամ 45 րոպե, որից հետո էլեկտրամատակարարումը վերականգնվել է բոլոր հասցեներում: Սակայն հոսանքազրկումների պատճառով մեծ խցանումներ էին առաջացել քաղաքում։ Բացի այդ՝ մի շարք միջոցառումներ հետաձգվել էին։

Ընկերությունը պարզաբանել է, որ անձրևաջրերի ներթափանցման պատճառը եղել է մոտ մեկուկես ամիս առաջ սկսված, սակայն դեռ ավարտին չհասցված ենթակայանի տանիքի վերանորոգումը, որը իրականացվել է մեկ այլ՝ կապալառու ընկերության կողմից:

«ՀԷՑ» ՓԲԸ-ն նշում է, որ վերանորոգման աշխատանքների ժամկետների ձգձգման մասին մի քանի անգամ զգուշացվել է համապատասխան պաշտոնյաներին, սակայն բավարար միջոցներ չեն ձեռնարկվել իրավիճակը շտկելու համար, ինչի հետևանքով ստեղծվել է խոշոր վթարային իրավիճակ:

Վթարի արդյունքում Բարձրավոլտ ցանցերի սպասարկման ծառայության պետ Թ.Վ.-ն ազատվել է աշխատանքից: Այնուհետև պաշտոնական գրություն է հասցեագրվել կապալառու ընկերությանը՝ պատճառված գույքային վնասի և հոսանքազրկման ընթացքում կորած էլեկտրաէներգիայի ծախսերի փոխհատուցման պահանջով:

Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի խոսքով՝ Ռոմանոս Պետրոսյանի ղեկավար նշանակվելուց հետո ընկերությունից հեռացվել է շուրջ 45-50 աշխատակից։ Ղազինյանը նշել է, որ հեռացվածների թվում մեծամասամբ ղեկավար պաշտոնյաներ են։ 

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԷՑ-ում աշխատող այն անձինք, որոնք չեն համագործակցում պետության հետ կամ զբաղված են «քաղաքական խարդավանքներով», հուլիսին կազատվեն աշխատանքից։