
Գյումրիում բացվում է բացառիկ գորգերի ցուցահանդես՝ 19-րդ դարի նմուշներով
Գյումրիում հոկտեմբերի 2-ից հունվարի 31-ը «Գորգերը՝ պատմության լուռ վկաներ» խորագրով նոր ցուցահանդես է բացվելու: Ցուցադրությունը կազմակերպվել է Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի, Շիրակի երկրագիտական թանգարանի և «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի համատեղ ջանքերով և հյուրընկալվելու է Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանում:
Ցուցահանդեսում ներկայացվելու են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի 16 գորգ ու կարպետ, այդ թվում՝ 1853 թվականի ամենահին նմուշը: Շիրակի երկրագիտական թանգարանի 9 գորգերից 8-ը ցուցադրվելու են առաջին անգամ, իսկ 1-ը վերջին անգամ ցուցադրվել է 1960–70-ական թվականներին:
Թանգարանների տնօրեն Անի Նազարյանի խոսքով՝ սա բացառիկ հնարավորություն է տեսնելու հազվագյուտ նմուշներ և վառ օրինակ է Գյումրու թանգարանների համագործակցության: Ցուցահանդեսի բացմանը կանցկացվեն նաև անվճար գորգագործության դասընթացներ «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի հետ համատեղ, որտեղ մասնակիցները կսովորեն գորգագործության հմտություններ և կհանդիպեն հայկական զարդանախշերի պատմությանը: