
Մերձավանի սպանությունների պատճառով պաշտոնից ազատվել է ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության պետը
Մերձավանում տեղի ունեցած սպանությունների արդյունքում պաշտոնից ազատվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության պետ Գարիկ Բարսեղյանը։ Լուրը հաստատել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։ ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյանի հրամանով Արմավիրի մարզային վարչության նոր պետ է նշանակվել Հակոբ Պետրոսյանը։
Սպանությունան պատճառով սա արդեն պաշտոնից ազատման չորրորդ դեպքն է. ավելի վաղ պաշտոնից հեռացվել էին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Հրաչյա Ղազարյանը, ՀՀ քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, ինչպես նաև Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում, Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան մոտ, դիմակավորված և ձեռնոցներ կրող անձը կրակահերթ էր արձակել երեք անձանց վրա։ Միջադեպի հետևանքով սպանվել են Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, իսկ մեկ քաղաքացի՝ Արծրուն Գալստյանը, ստացել էր վիրավորում։
Հանցագործության կասկածանքով սեպտեմբերի 26-ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, ով Մերձավանի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը։ Սեպտեմբերի 28-ին երկրորդ անձն է ձերբակալվել, որը խոստովանել է սպանությունը, հայտնաբերվել է նաև օգտագործված հրազենը։