ՀայաստանՏնտեսություն

Ինչո՞ւ է անկում ապրում Հայաստանի առևտուրը

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025 թվականի հունվար-օգոստոսին կտրուկ նվազել է․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն պակասել է 41,1 տոկոսով, կազմելով մոտ 12,9 միլիարդ դոլար։ Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ նվազման միտումը նկատվել է դեռ տարվա սկզբից․ հունվարին արդեն արձանագրվել էր շուրջ 40 տոկոս անկում, իսկ վերջին ամիսներին ցուցանիշները շարունակել են վատանալ։ Միայն օգոստոսին արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 1,5 միլիարդ դոլար, ինչը 33,7 տոկոսով պակաս է, քան նախորդ տարվա օգոստոսին։

Հայաստանից արտահանումը տարվա առաջին ութ ամիսներին նվազել է գրեթե 50 տոկոսով, կազմելով 5 միլիարդ դոլար։ Դա նշանակում է, որ երկրից դուրս տարվող ապրանքների ծավալը կրկնակի պակաս է, քան մեկ տարի առաջ։ Արտահանման նվազումը հիմնականում կապված է Ռուսաստանի հետ առևտրի կտրուկ անկման հետ։ Այս տարվա ընթացքում ՌԴ արտահանումը նվազել է 7,9 տոկոսով, իսկ ընդհանուր առմամբ ԵԱՏՄ շուկաներում՝ մոտ 6 տոկոսով։ Միաժամանակ, Միացյալ Արաբական Էմիրությունների (ԱՄԷ) ուղղությամբ արտահանումը նվազել է գրեթե 71 տոկոսով, իսկ Չինաստանի՝ 49 տոկոսով։

Բացառություն են կազմել մի քանի երկրներ՝
— Իրաք՝ արտահանման աճ՝ 72%,
— Շվեյցարիա՝ աճ՝ 25%,
— Բելառուս՝ աճ՝ 50%։

Արտահանվող հիմնական ապրանքներն են մնացել նույնը՝ թանկարժեք մետաղներ, հանքային հումք, մեքենաներ և սննդամթերք։ Սակայն ամենամեծ անկումը գրանցվել է հենց թանկարժեք մետաղների արտահանման ոլորտում՝ մոտ 76 տոկոսով։

Հայաստան ներմուծման ծավալը 2025-ի առաջին ութ ամիսներին նվազել է 34,9 տոկոսով՝ կազմելով 7,94 միլիարդ դոլար։ Ներմուծման ամենամեծ անկումը գրանցվել է կրկին Ռուսաստանի ուղղությամբ՝ շուրջ 62 տոկոսով, ինչը լուրջ ազդեցություն է թողել ընդհանուր ցուցանիշի վրա։ Միաժամանակ աճ է գրանցվել Չինաստանից և Իրանից ներմուծման ուղղություններով․ Չինաստանից ներմուծումը աճել է 29 տոկոսով, Իրանից՝ 9 տոկոսով։ Ներմուծվող ապրանքների հիմնական խմբերն են՝ մեքենաներ, տրանսպորտային միջոցներ, սննդամթերք և հանքարդյունաբերական հումք։ Թանկարժեք մետաղների ներմուծումը, սակայն, նվազել է գրեթե 78 տոկոսով։

Նշվում է, որ սրա վրա ազդել է նաև ԱՄՆ-ի հետ կնքված էներգետիկ պայմանագիրը։ Ըստ տնտեսագետների՝ դրա ազդեցությունը դեռևս մեղմ է, բայց հետագայում շատ ավելին է լինելու։ Դեռևս չգիտենք, թե ԱՄՆ-ի հետ կնքած փաստաթուղթն ամբողջությամբ ինչի մասին է, բայց երկրի տնտեսությանն ու անվտանգությանը վնասող կետերից մեկը վերաբերում է նրան, որ ՀՀ մաքսային սահմանն ունենալու է ընդհանուր հսկողության և խորհրդատվական համակարգ։ Այս պարագայում Իրանը, ՌԴ–ն, ասիական երկրները, ընդհուպ Հնդկաստանն ու Չինաստանը հաստատ չեն ողջունելու արևմտյան «մոնիտորինգի» տակ գտնվող ապրանքների տարանցումը ՀՀ–ով։ Բնականաբար, դա առիթ է հանդիսանալու Հայաստանը որպես տարանցիկ երկիր չդիտարկելու համար։