
Կիրանցի վանքում վանդալիզմի դեպք է գրանցվել
Տավուշի մարզի Կիրանցի վանքում վանդալիզմի դեպք է արձանագրվել․ վանքի պատմական պատերին անհայտ անձինք գրառումներ են արել ներկով։ Դեպքի մասին տեղեկացրել է Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը։
Ծառայության Տավուշի մարզային բաժնի աշխատակիցները դեպքից հետո մեկնել են վայր և փորձել հնարավորինս մաքրել գրառումները։ Սակայն, ինչպես նշում են մասնագետները, ներկը բավականին մնայուն է եղել, և պատերի ամբողջական մաքրումը կարող էր վնասել հին քարաշեն կառույցը։ Այդ պատճառով որոշ հատվածներ դեռևս պահպանվել են։
Կիրանցի վանքը գտնվում է Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղում։ Սա այն գյուղն է, որտեղից սկսվել էր սահմանազատման գործընթացները։ Կիրանցի վանքը կառուցվել է 13-րդ դարում և համարվում է Տավուշի պատմական կարևորագույն հոգևոր կենտրոններից մեկը։ Վանդալիզմի այս դեպքը միակը չէ․ վերջին ամիսներին նման դեպքեր արձանագրվել են նաև այլ պատմամշակութային հուշարձանների տարածքներում։