ՀայաստանՍոցիալական

Երկու շաբաթում 13%-ից 1%․ միասնական տոմսային համակարգը կհետաձգվի՞ կրկին

Երևանի քաղաքի ավագանին երկու անգամ արդեն հետաձգել է միասնական տոմսային համակարգի ներդրումը։ Որոշում է ընդունվել, որ հունվարի 1-ից Երևանում կգործարկվի միասնական տոմսային համակարգը։

Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ, քաղաքապետ Տիգրան Ավինյանը մտահոգություն հայտնեց մետրոպոլիտենում գրանցված թվերի վերաբերյալ՝ հայտարարելով, որ համապատասխան աշխատանքներ տարվեն այդ թվերը բարձրացնելու համար։

Մետրոպոլիտենի փորձը ցույց է տալիս, որ որոշակի սահմանափակումներ միջանկյալ պետք է մտնեն նաև ավտոբուսում և տրոլեյբուսում, — հայտարարել է քաղաքպետը։

Հետաքրքիրն այն է, որ սեպտեմբերի 9-ի տվյալներով՝ մետրոպոլիտենում անկանխիկ՝ Tellcell հավելվածի օգնությամբ վճարողների թիվը կազմել է 13%, իսկ այժմ այդ թիվը հասել է ընդամենը 1%-ի։ Ընդհանրապես, երթուղային տրանսպորտի ուղևորների 2 տոկոսից մի փոքր ավելին է տրանսպորտից օգտվելու դիմաց վճարել անկանխիկ։

«Երևան ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանը ասաց, որ մեկ շաբաթում միասնական տոմսային համակարգից օգտվել են 1.888.314 ուղևորից 44․341–ը։ «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ–ի քաղաքային տրանսպորտից օգտվել է 100․509 ուղևոր, որոնցից 1721-ն է էլեկտրոնային տարբերակով վճարում կատարել։ 

Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանն էլ հայտնեց, որ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 560․715 ուղևոր` նախատեսված 544․133-ի դիմաց։ «Telcell» վճարային համակարգից օգտվել է 118.250 ուղևոր, որը կազմում է ընդհանուր թվի 21%-ը։