
Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել. պաշտպանական կողմը խոսում է ապօրինությունների մասին
Ավելի քան երեք ամիս կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանին առաջադրվել է նոր՝ տնտեսական բնույթի մեղադրանք։ Այս մասին հայտնել է նրա պաշտպանական թիմը՝ ընդգծելով, որ մեղադրանքը ներկայացվել է առանց որևէ իրավական հիմքի։
Պաշտպանական կողմի փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքով՝ իրենք տեղեկացված չեն եղել նոր մեղադրանքի բովանդակությունից։ Նա նշել է, որ նախաքննական մարմինը նախազգուշացրել է նախաքննական գաղտնիք հրապարակելու արգելքի մասին, սակայն մեղադրանքի հիմքերի վերաբերյալ որևէ տեղեկություն չի տրամադրել։ Ըստ Վարդևանյանի՝ խախտվում է ՀՀ Սահմանադրությունը և միջազգային իրավունքի նորմերը։
Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը լրանում է հոկտեմբերի 19-ին, սակայն նոր դատական նիստի վերաբերյալ պաշտպանական կողմին տեղեկություն չի հաղորդվել։
Քննչական կոմիտեից էլ հայտնում են, որ ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։
Հիշեցնենք, որ գործարարին նախկինում առաջադրվել էին երկու մեղադրանք՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի և փողերի լվացման համար։ Դատարանը սեպտեմբերին մերժել էր գլխավոր դատախազության միջնորդությունը՝ չհաստատելով փողերի լվացման կասկածը
Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին՝ այն բանից հետո, երբ հրապարակավ աջակցություն էր հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ քննադատելով այն խմբերին, որոնք, նրա խոսքով, հարձակվել են եկեղեցու և հայ ժողովրդի վրա։ Օգոստոսի 15–ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։