ՀայաստանՄշակույթ

Արագածոտնի մարզի Փարպիի Ծիրանավոր եկեղեցին վերականգնվում է

Արագածոտնի մարզի Փարպի գյուղում սկսվել են 4–5-րդ դարերում կառուցված Ծիրանավոր եկեղեցու վերականգնման աշխատանքները։

Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ արդեն ավարտվել է եկեղեցու հիմքերի ամրակայումը, իսկ այժմ ընթանում է պատերի որոշ հատվածների վերաշարումը։ Նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը նշում է, որ նախագիծն իրագործվում է 2023 թվականից՝ պահպանելով եկեղեցու պատմական տեսքն ու տարածքի տրամաբանությունը։ Մինչ այդ եղել էր նախագծի պատվերը և վերանայվել էր դեռևս 80-ական թվականներին իրականացված նախագիծը,որով նախատեսվում է մասնակի վերականգնել, ամրակայել, նորոգել բարեկարգել տարածքը։

Հետաքրքիր բացահայտումներ կան պեղումների ընթացքում։ Հուշարձանագետ Հրաչյա Թարխանյանի խոսքով՝ մի շարք ստորգետնյա շերտեր սկզբնական րջանում անծանոթ էին։

Մասնագետների խոսքով՝ այն ժամանակ, երբ եկեղեցին ծառայել է նաև պաշտպանական նպատակների համար, այստեղ ապահովվել է զինվորների տեղաշարժի հնարավորությունը։ Վերականգնման աշխատանքները իրականացվում են այնպես, որ նույնիսկ հին քարերի փոխարինման դեպքում պահպանվի կառույցի վաղ միջնադարյան ճարտարապետական տեսքը։

Ծիրանավոր եկեղեցին համարվում է Հայաստանի ամենավաղ քրիստոնեական կառույցներից մեկը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ծրագրի համար հատկացրել է շուրջ 300 միլիոն դրամ։

Տեղում աշխատանքներ է իրականացնում «Հարսնաձոր» ՍՊԸ-ն։ Դեռևս 2023 թվականին նշվում էր, որ նախատեսվում է մինչև 2025 թվականը ավարտել հուշարձանի վերականգնողական աշխատանքները: