ՀայաստանՏնտեսություն

Հայաստանը և Հնդկաստանը քննարկել են փորձագիտական համագործակցության ընդլայնման շրջանակը

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը Երևանում ընդունել է «Հնդկաստան հիմնադրամ»-ի նախագահ Ռամ Մադհավին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-հնդկական հարաբերությունների ընթացիկ վիճակը և դրանց հետագա խորացման ու զարգացման հեռանկարները։ Մասնավորապես, ընդգծվել է փորձագետների, գիտնականների և փորձագիտական համայնքների միջև ավելի ակտիվ փոխգործակցության անհրաժեշտությունը։

Այս համագործակցությունը նախատեսվում է իրականացնել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ ծրագրերի և նախագծերի միջոցով։ «Հնդկաստան հիմնադրամ»-ի նախագահ Ռամ Մադհավը հանգամանալից ներկայացրել է հիմնադրամի գործունեության ուղղություններն ու ծրագրերը, որոնք հատկապես կենտրոնացած են գլոբալ մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու վրա։

Կողմերը նաև անդրադարձել են տարածաշրջանային ընթացիկ իրադարձություններին։ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։

Նշված նախաձեռնությունը նպատակ ունի ընդլայնելու տարածաշրջանում համագործակցության և փոխկապակցվածության մակարդակը, ինչպես նաև ընդգծվել է խաղաղության հաստատման կարևորությունը։