ՀայաստանՍպորտ

Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ, Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում Հայաստանը նվաճել է 4-րդ ոսկե մեդալը։

Երիտասարդների 86 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 100, 103 և 105 կգ՝ գրավելով երրորդ հորիզոնականը։ Հրում վարժությունում նա բարձրացրեց 131 և 136 կգ, սահմանելով Եվրոպայի ռեկորդ և նվաճելով ոսկե մեդալ։

Երկամարտի ընդհանուր՝ 241 կգ արդյունքով Էմմա Պողոսյանը նվաճեց Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոնի տիտղոսը։

Հիշեցնենք նաև, որ հայ ծանրորդուհին 2023 թվականին նույնպես Եվրոպայի պատանեկան առաջնության 81 կգ քաշային կարգայինների մրցապայքարում երկամարտի 225 կգ արդյունքով դարձել էր հաղթող։ Ծանրորդուհին հրում վարժաձևում 129 կգ արդյունքով սահմանել էր Եվրոպայի պատանեկան նոր ռեկորդ։

Նա 2024 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունում նույնպես ոսկե մեդալ էր նվաճել երկամարտի 233 կգ արդյունքով։