ԿրթությունՀայաստան

Հայաստանի դպրոցականները վերադարձել են ֆիզմաթ արհեստական բանականության միջազգային օլիմպիադայից

ՀՀ դպրոցականները մեկ բրոնզե մեդալ են նվաճել ֆիզմաթ արհեստական բանականության (FAIO 2025) միջազգային 2-րդ օլիմպիադայում։ Այն տեղի է ունեցել հոկտեմբերի 30-31-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում։ Մրցույթին մասնակցել են 7 երկրի 47 թիմի 124 աշակերտներ։

Հայաստանը ներկայացրել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 4 թիմ։ Բրոնզե մեդալը նվաճել է վարժարանի 1-ին թիմը, որի կազմում են 11-րդ դասարանի աշակերտներ Արտյոմ Հովհաննիսյանը, Լիլիթ Հակոբյանն ու Արամ Մինասյանը։ Նրանք հաջողությամբ կատարել են ինչպես տեսական, այնպես էլ գործնական առաջադրանքները, որոնք նպատակ ունեին արտացոլելու իրական աշխարհի խնդիրները։

«Ֆոտոն» վարժարանի մյուս երեք թիմերը նույնպես մասնակցել են օլիմպիադային։ Երկրորդ թիմում ընդգրկվել էին 10-րդ դասարանի աշակերտներ Գուրգեն Բայբուրդյանը, Մկրտիչ Գաբրիելյանը և Արամ Մեծոյանը, երրորդ թիմում՝ Սամվել Սահակյանը, Կարեն Մարտիրոսյանը և Արծրուն Մարտիրոսյանը, իսկ 4-րդ թիմում՝ Սիլվա Խաչատրյանն ու Նարեկ Պետրոսյանը։

Թիմերի ընտրությունը կատարվել է կազմակերպիչների կողմից՝ սեպտեմբերին առցանց անցկացված առաջին փուլի արդյունքների հիման վրա։ Մարզումն ու օլիմպիադայի եզրափակիչ փուլի մասնակցության համաֆինանսավորումը իրականացրել է «Իմպրովիզ» օլիմպիական կենտրոնը։