Մանվել Գրիգորյանի դստերը մեղադրանք է առաջադրվել
ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի դստեր՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով։ Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքն ու գրավը։
Նշվում է, որ քրեական վարույթի շրջանակում դատական իշխանության ներկայացուցչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 482-րդ հոդվածի 1-ին մասով։ Հոդվածներն առնչվում են պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն և ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելուն։
Նշենք, որ շուրջ մեկ տարի առաջ մամուլում տարածվել էր լուր, որ Նաիրա Գրիգորյանի օգնականը կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով։ 2024 թվականի նոյեմբերի սկզբին տեղեկություններ էին հայտնվել, որ դատավորին իր օգնականի գործով կանչելու են հարցաքննության։
2025 թվականի նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Նաիրա Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են, մինչ ընթացող քննությունը շարունակվում է։
