
Ուսուցիչների կամավոր ատեստավորումը թղթային եղանակից կդառնա էլեկտրոնային
ՀՀ կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Հարցը զեկուցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով ամեն տարի որոշակի փոփոխություններ են կատարվում՝ բարելավելու ատեստավորման ընթացակարգը, թեստերը և մնացած բաղադրիչները։ Նախարարը նշել է, որ ատեստավորման թղթային տարբերակը բազմաթիվ բարդություններ և ժամանակային խնդիրներ էր առաջացնում ուսուցիչների համար։
Փոփոխությունների այս առաջարկով ատեստավորման էլեկտրոնային եղանակն ենք ներդնում, ինչը նշանակում է, որ ուսուցիչները կկարողանան ատեստավորմանը մասնակցել ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով և այս մեխանիզմով կկարողանանք էապես կրճատել ժամանակը։
Ըստ նախարարի՝ այս փոփոխությունը ևս մեկ միջոց կլինի խրախուսելու ուսուցիչների մոտ տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունները։
Սա նաև հնարավոր կդարձնի, որ ուսուցիչը այդ պահին լրացնելով թեստը, միանգամից ավարտելուց հետո տեսնի նաև իր արդյունքը և այդ պահին արդեն իր համար պարզ լինի, թե նշված հարցերից քանիսին է ճիշտ պատասխանել, իսկ քանիսի դեպքում խնդիրներ են գրանցվել։
Նախարարը նշեց, որ դիմումների ընդունումը ավարտվել է։ Շուրջ 6000 ուսուցիչներ և մանկավարժի որակավորմանը համապատասխանող չաշխատող քաղաքացիներ դիմել են։ Նախատեսվում է նոյեմբերի 9-ից մեկնարկել առաջին ատեստավորման գործընթացը։
Շուշան Ասրյան