Հաստատվեց Երևանի 2026 թվականի բյուջեն տարաձայնություններով և փոխադարձ մեղադրանքներով
Քվեարկության արդյունքներով՝ կողմ է հանդես եկել ավագանու 34 անդամ, դեմ՝ 17-ը, ձեռնպահ՝ 2-ը։
Ըստ ընդունված բյուջեի՝ 2026 թվականին Երևանի եկամուտները կանխատեսվում են 151.5 մլրդ դրամ, ծախսերը՝ 156.8 մլրդ դրամ, ինչի արդյունքում բյուջեի դեֆիցիտը կկազմի 5.3 մլրդ դրամ։
Երևանի 2025 թվականի բյուջեն ի սկզբանե հաստատվել է 159.399.554.2 հազ. դրամ, ճշտված տարբերակը կազմել է 156,801,766.7 հազ. դրամ, իսկ 2024 թվականի փաստացի եկամուտները կազմել են 116.715.550.3 հազ. դրամ։
Բյուջեի նախագծով նախատեսված եկամուտները նվազել են 2025 թվականի հաստատված ցուցանիշի համեմատ 4.98 %-ով։ Եկամուտների նվազումը պայմանավորված է պետական բյուջեից ստացվող միջոցների կրճատմամբ՝ Երևանի քաղաքապետին պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար։
Միևնույն ժամանակ, բյուջեի նախագծում արձանագրվում է Երևանի սեփական եկամուտների աճ։ 2026 թվականին սեփական եկամուտները նախատեսվում են 94.887.788.0 հազ. դրամ, ինչը 2025 թվականի ցուցանիշից ավելի է 4.65 մլրդ դրամով կամ 5.16 տոկոսով։
Բյուջեի ընդունումն ուղեկցվեց տարաձայնություններով, հատկապես այն պահին, երբ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հիշեցրեց Արամ Սարգսյանի խոսքերը՝ նշելով, որ եթե խոսվում էր Արայիկ Հարությունյանին «գողանալու» դեպքում Իլհամ Ալիևին նույն կերպ պատասխանելու մասին, ապա այսօր իրավիճակն այլ է․ Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում է, իսկ Ալիևը՝ իր տանը։ Հայտարարությունից հետո նիստի դահլիճում լարվածություն առաջացավ․ ավագանու մի շարք անդամներ ոտքի կանգնեցին, սկսեցին բարձրաձայն վիճել։
