Հայաստանում կվերանայվեն դատապարտյալներին տրամադրվող հիգիենիկ պարագաների չափաբաժինները
ՀՀ կառավարությունը որոշել է վերանայել Հայաստանի Հանրապետությունում դատապարտյալներին և կալանավորված անձանց տրամադրվող հիգիենիկ պարագաների չափաբաժինները։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության հունվարի 15-ի նիստում։
Փոփոխությունները նպատակ ունեն հիգիենիկ միջոցների տրամադրումը համապատասխանեցնել դատապարտյալների իրական կարիքներին՝ ապահովելով անհրաժեշտ քանակ և ավելի որակյալ պարագաներ։
Այդ նպատակով դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 20-ին քրեակատարողական հիմնարկներին ուղարկվել է շրջաբերական գրություն, որով հանձնարարական է տրվել դատապարտյալների և կալանավորված անձանց շրջանում անցկացնել հարցում՝ տրամադրվող հիգիենիկ փաթեթից գոհունակությունը գնահատելու համար։
Հարցման արդյունքների հիման վրա որոշվել է ավելացնել մի շարք հիգիենիկ միջոցների չափաբաժինները։ Մասնավորապես, ձեռքի օճառը 40 գրամի փոխարեն կտրամադրվի շաբաթական 80 գրամ, լոգանքի գելն ու շամպունը՝ 20 միլիլիտրի փոխարեն 30 միլիլիտր, իսկ ատամի մածուկը՝ 6 միլիլիտրի փոխարեն 15 միլիլիտր շաբաթական։
Փոփոխություններ են նախատեսվում նաև օգտագործվող պարագաների տրամադրման ձևում։ Ատամի խոզանակը այլևս ամեն շաբաթ չի տրամադրվի։ Դրա փոխարեն կալանավորված անձանց տարեկան կտրամադրվի 4 հատ ատամի խոզանակ, որոնց որակը ավելի բարձր է։ Լվացքի փոշին կտրամադրվի ոչ թե ամսական չափաբաժնով, այլ յուրաքանչյուր 1 կգ լվացքի հաշվարկով՝ 40 գրամ չափաբաժնով։
Բացի այդ, կանացի հիգիենայի միջոցների քանակը ամսական 10-ի փոխարեն կկազմի 20 հատ։ Նախատեսվում է նաև տրամադրել սպասք լվանալու հեղուկ՝ ամսական 100 միլիլիտր, ինչպես նաև սանր՝ տղամարդկանց և կանանց համար՝ տարեկան 2 հատ։
Նախատեսվում է նաև ավելացնել մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալներին տրամադրվող որոշ հիգիենիկ պարագաների չափաբաժինները՝ նրանց հատուկ կարիքները հաշվի առնելով։
