Քննչական կոմիտեն միջնորդել է երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը
ՀՀ քննչական կոմիտեն միջնորդել է երկարաձգել գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ քննչական մարմինը ներկայացրել է տնային կալանքի երկարաձգման միջնորդություն, քանի որ օրենքի ուժով տվյալ փուլում այլ միջնորդությամբ հանդես գալու հնարավորություն չունի։ Նա ընդգծել է, որ առավել խիստ խափանման միջոցի կիրառման համար անհրաժեշտ կլիներ, օրինակ, տնային կալանքի պայմանների խախտում։
Նշվում է, որ քննիչը միջնորդությունը ներկայացրել է հունվարի 13-ին, իսկ համապատասխան վարույթը ընդունվել է հունվարի 14-ին։ Միաժամանակ հարկ է նշել, որ հունվարի 5-ին դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ Սամվել Կարապետյանի կալանքի պահանջով։
Վերաքննիչ դատարանը հունվարի 12-ին վարույթ էր ընդունել ինչպես դատախազության, այնպես էլ Կարապետյանի պաշտպանական խմբի ներկայացրած բողոքները։ Որոշման հրապարակման օր էր սահմանվել հունվարի 16-ը։ Այդ նույն օրը քննչական մարմնի ներկայացրած միջնորդության վերաբերյալ նիստը նշանակվել է նաև Հակակոռուպցիոն դատարանում։
Պաշտպանի գնահատմամբ՝ իրավունքի և իրավաբանության տեսանկյունից դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշման հրապարակում տվյալ օրը այլևս հնարավոր չէ։ Նա հավելել է, որ քաղաքական հետապնդման ընթացիկ զարգացումների վերաբերյալ պաշտպանական կողմը առանձին կտեղեկացնի։
Արամ Վարդևանյանը նաև հայտնել է, որ Սամվել Կարապետյանը չի մասնակցելու այսօրվա դատական նիստին։ Պաշտպանը հրաժարվել է խոսել պատճառների մասին, իսկ Կարապետյանի առողջական վիճակի վերաբերյալ այս փուլում ևս լրացուցիչ տեղեկություններ չեն տրամադրվում։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն էր իրականացվել այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն էր հայտնել Հայ առաքելական եկեղեցուն։ Նա կալանավորվել էր հունիսի 18-ին և մեղադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ հարկերից խուսափելու, փողերի լվացման և սահմանադրական կարգին ուղղված հրապարակային կոչերի համար։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ մեղադրանքը փոփոխվել է՝ ավելացվել են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դրվագներ։ Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխել է գործարարի խափանման միջոցը՝ կալանքը փոխարինելով գրավով և տնային կալանքով, ինչից հետո նա ՔԿՀ-ից տեղափոխվել է տուն։
