ԱռողջությունՀայաստան

Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Այդ մասին նա հայտնել է սոցիալական ցանցում։

Իր հրապարակման մեջ Հունանյանը նշել է, որ որոշումը պայմանավորված է վերջին շրջանում Ազգային ժողովում իր հնչեցրած արտահայտությունների շուրջ ձևավորված հանրային քննադատությամբ։ Նա ներողություն է խնդրել այն ձևակերպումների համար, որոնք քաղաքացիների շրջանում դժգոհություն և զայրույթ են առաջացրել՝ ընդգծելով, որ հանրային խոսքը քաղաքական գործունեության կարևոր մաս է, իսկ սխալների դեպքում անհրաժեշտ է պատասխանատվություն կրել։

Պատգամավորը հայտարարել է նաև, որ ինքնաբացարկ է հայտնում առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց։

Հունանյանը նշել է, որ չնայած հրաժարականին՝ շարունակելու է ծառայել պետությանը և հասարակությանը։

Հիշեցնենք, որ Հռիփսիմե Հունանյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել 2021 թվականի հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակով։ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվել էր 2025 թվականի հոկտեմբերի 2-ին։ Նրա ընտրությունը այդ ժամանակ դարձել էր հանրային և քաղաքական քննարկումների թեմա, քանի որ նա ուներ միայն միջին մասնագիտական կրթություն և մասնագիտությամբ բուժքույր է։